0

Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ

– Տիար Մխիթարեան, Դուք հայաստանյան և սփյուռքի մամուլում հանդես եք գալիս եկեղեցական խնդիրներին նվիրված ծավալուն հոդվածներով և ուսումնասիրություններով: Հայաստանյան ընթերցողներին համառոտակիորեն կներկայացնե՞ք Ձեր կենսագրությունը:

-Ոսկան Մխիթարեան `1966-ին աւարտած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը ու ապա ձեռնադրուած կուսակրօն քահանայ: 1968-ին ներկայացնելով իր աւարտաճառը Ոսկան Երեւանցիի մասին, ստացած է Վարդապետական Աստիճան : 1966-1971 եղած է տեսուչ Կաթողիկոսարանի տպարանին եւ անգլերէն լեզուի ուսուցիչ Մարտիկեան Ազգային Վարժարանէն ներս: 1971-ին մեկնած է Միացեալ Նահանգներ, ուր ստանձնած է Հոլիվուտի Ամէնօրեայ Վարժարանի (ներկայիս՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Վարժարան) տնօրէնութիւնն ու Հոլիվուտի հայահոծ գաղութին հոգեւոր հովուութիւնը: 1972-ին հիմնած է Կլէնտէյլի Ս. Աստուածածին եկեղեցին, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արեւմտեան Ամերիկայի Թեմին ամենէն բարգաւաճ եկեղեցիներէն մէկն է այսօր: 1972-1974 Լոս Անճէլըսի Trade Technical College-ի մէջ հետեւած եւ աւարտած է ճարտարապետութեան (Architechtural Drafting) դասընթացքները ու ապա 1974-1976 Լոս Անճէլըսի City College-ի մէջ հետեւած եւ աւարտած է առեւտրական եւ կալուածային օրէնսգիտութիւն (Real Estate and Business Law): 1988-1989 հետեւած է Glendale School of law-ի իրաւաբանական դասընթացքներուն, իսկ 1995-1996-ին ներկայացնելով իր թէզը “The Court of International Trade”, American University of Hawaii-էն ստացած է մագիստրոսութեան վկայականը (MBA):

1990-2000 եղած է դասախօս Մխիթարեան կաճառի Լոս Անճէլըսի մասնաճիւղին հայագիտական դասընթացքներուն՝ դասաւանդելով Կանոնագիտութիւն, Ազգային Սահմանադրութիւն եւ Հայ Եկեղեցւոյ պատմութիւն: 2000-2005 թուականէն աշխատակցած է Եղիայեան իրաւաբանական հաստատութեան հետ եւ իր բաժինը բերած է Նիւ Եորք Լայֆի դատավարութեան առընչուող բանասիրական պրպտումներուն մէջ:

2005-էն սկսեալ անհատապէս վարած է հետախուզական աշխատանքներ Ֆրանսայի Nantes քաղաքի՝ Արտաքին Գործոց Նախարարութեան արխիւներուն մէջ, եւ թուայնացուցած (digitize) է աւելի քան 60,000 էջ, սկսելով 1860-էն մինչեւ 1923 թուականը: Դարձեալ 2005-էն սկսեալ թուայնացուցած է աւելի քան 20,000 էջ՝ Ամերիկեան մամուլին մէջ լոյս տեսած ցեղասպանութեան վերաբերեալ յօդուածներու եւ ականատեսներու վկայութիւններուն, որոնց առաջին հատորը ( “Armenians At The Twilight of the Ottoman Era”) 2011-ին հրատարակուեցաւ Երեւանի մէջ, հովանաւորութեամբ եւ մեկենասութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան եւ Փիւնիկ Բարեսիրական Ընկերակցութեան համագործակցութեամբ:
2008-2009 դպրոցական տարեշրջաններուն վարած է Լոս Անճէլըսի Մխիթարեան Վարժարանի տնօրէնութիւնը: Այժմ կը շարունակէ իր բանասիրական աշխատանքները մասնաւորաբար ցեղասպանագիտութեան ոլորտին մէջ:

-Ձեր հոդվածների կապակցությամբ եկեղեցական շրջանակներից արձագանքներ ստանու՞մ եք:

-Անդադրում քաջալերանք կ’ըստանամ եկեղեցական բոլոր շրջանակներէն, նոյնիսկ՝ Կաթողիկէ եւ Բողոքական համայնքներէն: Կապերս ամուր պահած եմ բոլոր եկեղեցականներուն հետ, Եպիսկոպոսէն մինչեւ համեստ քահանան (Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղէմ, Պոլիս, Վիեննա եւ Վենետիկ): Անոնց մէջ կան դասընկերներ, աշխատակիցներ, աշակերտներ եւ սրտակից միաբաններ: Դժբախտաբար քաջութիւնը չունին արտայայտուելու. թէկուզ գուլիսներու ետին եւ կամ բարեկամական շրջանակներուն մէջ կ’արտայայտուին եկեղեցւոյ ղեկավարութեան դէմ, բայց դուրս չեն կրնար գալ իրենց ստրկական վիճակէն:

-Դուք պատրաստել եք ծավալուն ուսումնասիրություն նվիրված Հայ Եկեղեցու բարեփոխումների խնդրինն, որտեղ ներկայացնում եք Ձեր տեսակետները այդ արդիական խնդրի տարբեր բնագավառների մասին: Այդ ոլորտին ոչ քաջատեղյակ ընթերցողի համար համառոտակիորեն հատկապես ո՞ր հարցերն եք կարևորում և ամենաարդիականը համարում:

-Հոգեւոր պատրաստութեան եւ Կոչումի պակասը: Պէտք է յստակացնել նոր սերունդին, որ Եկեղեցւոյ ծառայութիւնը կը պահանջէ անձնուրաց նուիրում : Եկեղեցին շահոյթի աղբիւր չէ, հոն չ’ի կրնար ըլլալ դրամ եւ ինչք, հոն կայ միայն անսակարկ զոհաբերում: Մէկդի դրած ենք ամէն տեսակի առողջ դատում եւ իրաւական արժէք ներկայացնող ամէն խարիսխ որ իր մէջ կը մարմնաւորէ ազնիւ սկզբունքներ:

-Հայ եկեղեցու դավանաբանությունը հայ հոգևորականները շատ հակասական կերպով են ներկայացնում: 5-րդ դարում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով հայերը ստիպողական դավանաբանական «ընտրություն» են կատարել, որը կարծես թե այդպես էլ ենթարկված մնաց քաղաքական իրավիճակներին: Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր չի հասունացել դավանաբանության հարցում ճշգրտումներ կատարելու պահը, թե արդեն ավանդույթները դարձել են ինքնանպատակ և հին արևելյան եկեղեցիներն արդեն չեն կարող շեղվել ավանդույթներից: Հին արևելյան եկեղեցիների ասվածաբանական միտքը արդյո՞ք արդեն քարացել է:

-Ժամանակն է որ Եկեղեցին անյապաղ բարեկարգէ ինքզինք: Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ, սահմանափակելով ինքզինք միայն արարողութիւններու մէջ: Ո’չ միայն վերանորոգուիլ ներքնապէս, այլեւ վերաշխուժաւորուիլ արտաքին ճակատի մէջ: Եկեղեցիներու մերձեցումը անժխտելի հրամայական մըն է այսօր: Անցեալի դաւանաբանական վէճերը անիմաստ են եւ անհեթեթ: Նոյն Քրիստոսի մասին կը խօսինք տարբեր մեկնաբանութիւններով: Լաւագոյն օրինակներէն մին կը հանդիսանայ այսօր Հռովմի նոր Պապը, որ քառացած Կաթողիկէ Եկեղեցիին դաւանաբանական եւ վարդապետական ուսուցումներուն նոր մեկնաբանութիւն կու տայ, քսանմէկերորդ դարու լոյսին տակ:

-Էջմիածնում ստեղծվել է սոցիալական հայեցակարգով զբաղվող գրասենյակ: Ինչ եք կարծում, հնարավո՞ր է ձևավորել եկեղեցու սոցիալական հայեցակարգն առանց դավանաբանական և աստվածաբանական խնդիրները քննարկելու և արդյո՞ք հնարավոր է սոցիալական հայեցակարգ ստեղծել առանց ճշտելու փիլիսոփայական աշխարհայացքը:

-Գործնական, շօշափելի արդիւնքները կուզեմ տեսնել այդ գրասենեակի աշխատանքներուն: Ներքնապէս կը տառապիմ երբ կը տեսնեմ սրտաճմլիկ տեսարանները անտուն եւ անօթեւան մեր եղբայրներուն եւ քոյրերուն: Ահաւոր հակասութիւն մը կայ Երեւանի մէջ ապրող, գործող յղփացած հարուստներուն եւ մեր հասարակ ժողովուրդի կենցաղային պայմաններուն միջեւ: Եկեղեցին իր ընկերային ծառայութեան ձեռքը պարտաւոր է երկարել իւրաքանչիւր հայուն առանց նկատի ունենալու անոր դաւանական պատկանելիութիւնը:

-Ինչ եք կարծում, ո՞րն է եկեղեցու և պետության մեևձեցման այն սահմանը, որը կարող է դառնալ վտանգավոր թե՛ եկեղեցու, թե՛ պետության համար:

-Դժբախտաբար արդէն հոն ենք, այդ սահմաններուն մէջ: Հայց. Եկեղեցին պատմական իր կոչումի ճամբէն շեղած է ներքին եւ արտաքին բազմաթիւ ազդակներու, պատճառներու եւ դասալքութեան հետեւանքով եւ կանգնած է այսօր գահավիժումի եզրին: Եկեղեցին միշտ ալ աշխատած է իր պետութեան հետ եւ կողքին, սակայն այսօր՝ կլանուած է քաղաքական կեանքի բոլոր ոլորտներուն մէջ, եւ դարձած է պետութեան «նախարարութիւններէն» մէկը, գործելով միայն յօգուտ անհատներու (եկեղեցական եւ աշխարհական) շահերուն: Այլ խօսքով՝ Եկեղեցին գործիք է այսօր պետութեան ձեռքին մէջ:

 

1

Write a Comment