Պատիւս արժանաւորաց…: «Բազմավէպ» հայագիտական հանդէսի 175-ամեակի գիտաժողովը տեղի ունեցաւ Երեւանի մէջ: Այս առիթով մամլոյ մէջ կարդացինք Մխիթարեան միաբանութեան պատմական փայլուն գործունէութեան գնահատականները, արտասանուած՝ մտաւորականներու եւ բարձրաստիճան պետական անձնաւորութիւններու կողմէ: Պահ մը վերյիշեցի Բազմավէպի 150-ամեակը որ նշուեցաւ Վենետիկի մէջ ո՛չ այնքան շեփորումով որքան անոր 175-ամեակը Հայաստանի մէջ:
Որքան երջանկաբեր էին այդ օրերը, երբ Վենետիկի Միաբանութեան տիտաններ՝ Հայր Ներսէս Տէր Ներսէսեան, Հայր Պօղոս Անանեան, Հայր Սահակ ճէմճէմեան, հայագէտներ/բանասէրներ, տակաւին ողջ էին: Այսօր չկան այդ տիտանները. սերնդափոխութիւնը միաբանութիւնը դէմ յանդիման դրաւ նոր մարտահրաւէրներու, որովհետեւ շարք մը միաբաններու վախճանումով միաբանութիւնը իր վերջալոյսին մօտեցաւ, նկատի ունենալով նոր սերունդին բացակայութիւնը՝ ըլլա՛յ Վենետիկի, ըլլա՛յ Վիեննայի մէջ:
Գերգնահատելի է Մխիթարեան հայրերու վաստակը: Անոնք բացառիկ եւ գնահատելի հրատարակութիւններու ճամբով, իրենց ամբողջական ընծայումով եւ բանասիրական աշխատանքներու միջոցաւ օտարներուն ներկայացուցին եւ ծանօթացուցին հայ գրականութեան տիտանները, ինչպէս նաեւ հայ ժողովուրդի պատմութիւնը, երբ մեր նուիրապետական աթոռները կը հիւծէին Օսմանեան եւ Ռուսական իշխանութիւններու անմարդկային երկաթեայ բռունցքին տակ։
Ո՞վ չէ կարդացած, իր նախակրթարանի դասարաններէն սկսեալ, Մխիթարեան հայրերու վաստակի մասին եւ չէ հիացած ու հպարտացած անոնց գործունէութեամբ՝ կրօնական, գրական, իմաստասիրական, պատմական, թարգմանական եւ բանասիրական անդաստաններէն ներս։ Ինչպէ՞ս կարելի է չզմայլիլ եւ չհմայուիլ մոմի լոյսով գրուած Ալիշանի ստուարահատոր գործերով, Չամչեանի պատմագրութեամբ, Ակինեանի բանասիրական աշխատութիւններով, Գաթըրճեանի գրաբարի ուսումնասիրութեան նուիրուած հատորներով, Մէնէվիշեանի քննական պատմութեան յօդուածներով, Այտընեանի հայագիտական վերլուծումներով: Շարքը այնքան երկար է այս բեղուն գործունէութիւններուն, որ կարելի է հատորներ գրել այս տիտաններուն մասին։
Դժբախտաբար, աւելի քան 300 տարիներու ոսկետառ պատմութիւն ունեցող այս Միաբանութիւնը այսօր վերածուած է խլեակի մը, եւ կ’ապրի անկասկած իր վերջալոյսը։ Դժբախտաբար, ա՛յս է Մխիթարեան միաբանութեան այսօրուան պատկերը, որ մեր աչքին առջեւ կը պարզէ դառն եւ տխուր իրականութիւններ։ Բացէ՛ք երբեմնի հարուստ «Բազմավէպ»ի այսօրուան էջերը եւ պիտի տեսնէք, որ գրող-բանասէր միաբաններու մի քանին միայն կան այդտեղ եւ մեծաւ մասամբ հայաստանաբնակ աշխարհական բանասէրներու գործերն են որ կը տպուին՝ այդ ալ երկար յապաղումներով: Վերջին յիսնամեակի ընթացքին անձնական զանազան պատճառներով ինչպէս նաեւ բնական եւ անակնկալ մահերու հետեւանքով Միաբանութեան շարքերը երթալով նօսրացան: Նոյն ատեն Վարչութիւնը չկարողացաւ արդարացնել իր վրայ դրուած յոյսերը նոր սերունդի պատրաստութեան վերաբերեալ, Միաբանութեան գոյութիւնն ու շարունակութիւնը ապահովելու համար։
Հաւանաբար ընթերցողը պիտի ուզէր իմանալ թէ ի՞նչ էր պատճառը այս ահաւոր անկումին։ Վերջին յիսնամեակին, իրերայաջորդ կարգ մը աբբահայրերու ձախաւեր գործունէութիւնը իր տխուր անդրադարձը ունեցաւ Միաբանութեան ամբողջ վարկին, ինչպէս նաեւ անոր իւրաքանչիւր անդամի հոգեբանութեան վրայ։ Ոմանք, յուսահատ, հեռացան Միաբանութենէն: Ականջը խօսի հայր Լեւոն Զէքիեանի (ներկայիս Գերապայծառ). երբ յատուկ առաքելութեամբ իր մօտ գացի եւ խնդրեցի որ Վենետիկ վերադառնայ, որովհետեւ վանքը իրեն պէս պատրաստուած մտաւորականներու պէտք ունէր, իր պատասխանը եղաւ. «Անոնց երեսը չեմ ուզեր տեսնել»: Եւ ահա այսօր «ի վերուստ» լիազօրուած վերակացու նշանակուած է Մխիթարեան Միաբանութեան: Ոմանք՝ հեռացան ծառայութեան դաշտէն (ականջը խօսի Հայր Սամուէլին), իսկ ոմանք ալ ստեղծեցին իրենց անձնական աշխատանքի դաշտը եւ գրեթէ գործեցին անկախաբար (ականջը խօսի հայր Մարտիրոսին եւ այլոց…)։ Բարեբախտաբար խումբ մը պարկեշտ եւ անշահախնդիր միաբաններ մնացին պատնէշի վրայ, եւ կը փորձեն կենդանացնել ու վերակերտել ինչ որ վերջին յիսնամեակին կործանած էին անփորձ, անխոհեմ եւ անպատասխանատու ղեկավարները։
Անխոհեմ կալուածային գործառնութիւններ՝ Մխիթարեան Միաբանութիւնը ակնյայտ սնանկութեան մը սեմին հասցուցին։ Այս անխոհեմ քայլերը սրբագրելու համար Միաբանութիւնը պարտաւոր եղաւ ծախելու շատ մը թանկարժէք կալուածներ, ներառեալ Վենետիկի Ս. Մարկոսի Հրապարակին վրայ գտնուող խանութները, վճարելու համար իր պարտքերը պարտատէրերուն։ Նմանօրինակ անխոհեմ քայլեր յաջորդաբար պատճառ դարձան նաեւ, որ Միաբանութիւնը վերատեսութեան ենթարկէր իր տնտեսական ընդհանուր վիճակը, եւ ստիպուած ըլլար փակելու իր բազմադարեան ու պատմական տպարանը, որուն հետեւանքով նուազեցաւ նաեւ գրքերու տպագրութիւնը:
Վերեւ յիշուած դժուարութիւններուն եկաւ միանալու անխիղճ եւ անպատասխանատու վաճառքը նո՛յնինքն միաբաններու կողմէ՝ Միաբանութեան մօտ ի պահ դրուած մեծ թիւով մշակութային հարստութիւններու, ինչպիսիք են՝ գիրքեր, ձեռագիրներ, քարտէսներ, գորգեր, զգեստներ, ոսկեղէն, արծաթեղէն դրամներ եւ իրեր, կահ-կարասիներ, արուեստի գործեր եւայլն. մէկ խօսքով՝ հայ ժողովուրդի դարաւոր գանձերը, ըլլան անոնք Վենետիկի եւ կամ Վիեննայի վանքերէն ներս։ «Այս մասին տեսնել ներկայ գրութեան վերջաւորութեան զետեղուած յաւելուածը:» Աւելին գրելու պէտք չկայ….
Այսօր՝ անգամ մը եւս կը մտաբերեմ իմ 1993-ի թելադրութիւնս, երբ Վենետիկ կը գտնուէի Բազմավէպի 150-ամեակի տօնակատարութեանց առիթով, որպէս Լոս Անճէլըսի Մխիթարեան Հայագիտական Հիմնարկի դասախօս եւ Կրթական Հիմնարկի Վարչութեան փոխ-ատենապետ։ Ընթրիքէ ետք հաւաքուած էինք սուրճ խմելու՝ ընթերցանութեան եւ հանդիպման սենեակին մէջ, ուր հաւաքուած էին նաեւ խումբ մը միաբաններ, ի միջի այլոց՝ հանգուցեալներ Հայր Ներսէս Տէր Ներսէսեան, Հայր Պօղոս Անանեան, Հայր Սահակ Ճէմճէմեան, եւ գրեթէ նստելու տեղ ալ չէր մնացած՝ երբ խօսակցութեան գլխաւոր նիւթը դարձաւ Մխիթարեան Միաբանութեան ապագան։ Զանազան մտքերու փոխանակումէն ետք, օրուան աբբահայրը՝ Հայր Գէորգ Պալեան (այժմ հանգուցեալ) ուզեց իմանալ նաեւ իմ կարծիքս։ Ես ալ, ըստ սովորութեանս, առիթը յարմար նկատելով ըսի հետեւեալը եւ նոյնը կը կրկնեմ այսօր եւս, 25 տարի ետք. “Սիրելի Հայրեր, ներեցէք համարձակութեանս, բայց առիթը յարմար նկատելով պիտի ուզէի փոխանցել իմ ներքին ապրումներն ու համոզումներս։ Նկատի ունենալով երկու միաբանութեանց քանակի նօսրացումը, ժամանակը հասած է որ երկու միաբանութիւնները նախ միանան (տեսականօրէն կատարուեցաւ այս ցանկութիւնս 2000 թուականին, թէեւ ձախողած միութիւն մըն է) ու ապա վերադառնաք ամբողջութեամբ Մայր Եկեղեցի՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան հովանիին տակ, կղզին պահելով որպէս մշակոյթի կեդրոն, եւ դառնաք հայութիւնը ներկայացնող իտէալ կրօնական կեդրոն մը Եւրոպայի սրտին մէջ, ինչպէս անցեալին՝ նոյնպէս եւ ապագային”։ Ակնթարթի մը մէջ նկատեցի կարգ մը դէմքերու ծամածռութիւնը…:
Հազիւ դուրս ելանք սենեակէն, Հայր Յարութիւն Պզտիկեան մօտեցաւ եւ ըսաւ . «Ինչո՞ւ. Մայր Եկեղեցին մեզմէ լա՞ւ վիճակ ունի»: Պատասխանս եղաւ հետեւեալը. «Դուն որ Գէորգեան ճեմարանի մէջ տարիներով դասախօս եղած ես Վազգէն կաթողիկոսի օրերուն, միւսներէն աւելի լաւ կը ճանչնաս Մայր Աթոռը: Եկէ՛ք եւ ձեր ներդրումը բերէք բուռ մը միաբանութեամբ եւ փորձեցէք նոր շունչ ներարկել Մայր Աթոռին»: Դժբախտաբար Միաբանութիւնը նախընտրեց նստիլ, եւ տակաւին կը նստի, կամրջակին վրայ եւ կը սպասէ իր մայրամուտին, որ շատ հեռու չէ…:
Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ՛…:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
28 Նոյեմբեր 2018
Լոս Անճէլըս
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԻՑ
ԿՐԿԻՆ ԳՈՂԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԻՐԵՐ
ԽՄԲ.
Կասկածյալըՙ հոգեւորական
Առաջին անգամը չէ, որ մեր թերթը ահազանգում է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքից կատարվող հափշտակությունների մասին: Նախորդը եղել էր շուրջ 2 տարի առաջ, երբ վանքի պահակը հնատիպ արժեքավոր մոտ 2 տասնյակ գրքերի հետ գողացել եւ վաճառքի էր հանել հազվագյուտ մի քարտեզ, որի միջոցով բացահայտվել էր ամբողջ գողությունը: Մեր թերթն արծարծել է նաեւ ընդհանրապես Վիեննայի Մխիթարյանի ուխտի պահպանության տակ գտնվող ազգային արժեքների անձեռնմխելիության եւ անվտանգության հարցը: Աշխարհում հայկական մամուլի ամենահարուստ հավաքածոն, շուրջ 2500 ձեռագիր մատյան եւ արժեքավոր այլ գրքեր եւ հավաքածուներ ունեցող վանքը անվտանգության, այլեւ ջերմային եւ մթնոլորտային անմխիթար պայմաններում է գտնվում, ենթակա ոչ միայն կողոպուտի, այլեւ ինքնաոչնչացման: Հետեւաբար, դժբախտ առիթն ունենք Գերմանիայի մեր աշխատակցուհու հետ միասին բացատրություններ պահանջելու Մխիթարյան միաբանության ընդհանուր (Վենետիկ ու Վիեննա) աբբահայր հայր Եղիա Քիլաղբճյանից, ինչպես նաեւ Վիեննայի Մխիթարյանների աբբահայր հայր Պողոս Կոճանյանից: Ի վերջո, ի՞նչ է լինելու ճակատագիրը ազգային մեր այդ արժեքների: Չէ՞ որ աղմուկ է բարձրանում երբեմն, սակայն գողությունները շարունակվում են անընդհատ:
Մի՛ գողացիր, ասում է աստվածաշնչյան պատվիրանը: Հետաքրքրական է, որ սա մոռացության են մատնում նաեւ հոգեւոր դասի ծառայողները:
Ի՞նչ է կատարվում Մխիթարյան միաբանության սուրբ սրահներում, հատկապես արխիվում, արդեն տարիներ է, ինչ ավստրիացի պաշտոնյաների ուշադրության առանցքում է:
«Դի փրեսսե»-ն սեպտեմբերի 11-ին, «kurier.at»-ը, «Վիին հոյթե»-ն սեպտեմբերի 12-ին հաղորդում են Վիեննայի Մխիթարյան միաբանությունում կատարված կողոպուտի մասին: Թերթերը գրում են, որ կատարվածի մեջ կասկածվում է նույն միաբանության հայրերից մեկը, որը մինչեւ վերջերս հոգեւորականի իր ծառայությունն է կատարել նաեւ ոստիկանությունում: Վերոհիշյալ լրատուների հրապարակումները հիմք ընդունելով` մեր ընթերցողներին սակայն ուզում ենք տեղեկացնել, որ այդուհանդերձ, հավանաբար զերծ չենք կարող լինել որոշ անճշտություններից, քանի որ մեր ձեռքի տակ եղած տարբեր աղբյուրներում առկա է փաստերի որոշ անհստակություն:
Ներսես Րաֆֆի Ս.-ին կասկածում են Վիեննայի իր ծառայած վանքիցՙ Մխիթարյան միաբանությունից անտիկ գրքեր ու փաստաթղթեր գողանալու մեջ: Դատախազությունը պարզում է հանգամանքները: Միաբանության եղբայրները հանդիմանում են կասկածյալինՙ վանական գրադարանից 800 արժեքավոր գրքեր ու փաստաթղթեր հափշտակելու համար: «Դրանցից մի քանիսը 300 տարեկան են», ավստրիական թերթին ասել է նույն միաբանությունից Պողոս աբբահայրը:
Լիբանանում ծնված հոգեւորականը հուլիսին միաբանության հետ ունեցած տարակարծությունների պատճառով 2 տարով արձակուրդ է վերցրելՙ ցանկություն ունենալով իր ծառայությունները Հռոմում կատարել, այնուհետեւ խորհրդավոր ճամփորդության մեկնել Իտալիայի մայրաքաղաք: Կաթոլիկ հայրը մեկնումից օրեր առաջ ազատվել է Վիեննայի ոստիկանատանը կատարած իր հոգեւոր ծառայությունից: Աբբահորը կասկածելու առիթ է տվել Իտալիա տեղափոխության ժամանակ հայր Ն.-իՙ մեկ անձի համար չափից դուրս շատ ուղեբեռներ ունենալու հանգամանքը: Երբ հոգեւորական եղբայրները բացել են կասկած հարուցող ստվարաթղթե արկղերը, հայտնվել է 10 հազար եվրոյից ավելի արժողության անտիկ այն գրքերի ու փաստաթղթերի մի մասը, որ վանական գրադարանում արդեն կորած էին համարվում: Մյուս արժեքավոր իրերը գտնելու հույսով հայտնել են ոստիկանությանը: Երբ կասկածյալը Հռոմից վերադարձել է, ոստիկանությունն է դիմավորել նրան օդանավակայանում: Ս-ն առաջնորդել է Լանդշտրասսեում գտնվող իր բնակարանը, որտեղ ոստիկանությունը արկղերում գտել է մյուս ձեռագրերը: Հոգեւոր հայրն արդարացել է, թե գողության դիտավորություն որեւէ անգամ չի ունեցել, պարզապես ցանկություն է եղել անձնական իրերը դասավորել: Գործը հանձնվել է դատախազություն:
Որ մարդն անարգել կարող է Վիեննա-Հռոմ աշխույժ ճամփորդել, պաշտոնյաների համար խնդիր չէ, քանի կասկածյալը դեռ խույս չի տալիս քրեական մարմիններից, կարծիք է հայտնել Միշայելա Շնելլըՙ ոմանց կասկածը փարատելով:
Ոստիկանապետի համար, սակայն, անըմբռնելի է, թե ինչպես կարող է հանդիմանվել իրենց հոգեւորական գործընկերը, որը երկու տարի առաջ նույնիսկ օգնել էր ոստիկանությանը` հայտնաբերել վանքում կատարված մեկ այլ գողություն: Վերանորոգության ժամանակ գրքեր էին հափշտակվել: Ներսես Րաֆֆի Ս.-ն գողոնը հայտնաբերել էր անտիկ իրերի մի խանութում, եւ ոստիկանությանն ուղղորդել այնտեղ: Ներսես Րաֆֆի Ս.-ի հանդեպ դեռ ուժի մեջ է անմեղության կանխավարկածը, հանցանքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:
Ինչպես «Ազգը» ժամանակին, այնպես էլ ավստրիական աղբյուրներն այժմՙ հիշատակում են նմանօրինակ մեկ ուրիշ պատմություն. 2006-ի սկզբին ձերբակալվել էր 31-ամյա մի լիբանանցի վանահայր, որը խոստովանել էր մեղքը: Նա 55 մշակութային արժեք էր կողոպտել, որոնց մի մասը ինտերնետով վաճառել էր: Բայց մինչ օրս օրինական ուժ ունեցող դատավճիռ չի հրապարակվել:
Այդ դեպքից քիչ անց Մխիթարյան միաբանության արխիվի մեկ ուրիշ ծառայողՙ հայր Ն. է հայտնվում նույնպիսի որոգայթի մեջ, ով միաբանության տեղեկության համաձայնՙ մի քանի միլիոն «մի կողմ դնելու» մեջ է կասկածվում:
Երկուսի միջեւ կապ չկա, իր կարծիքն է հայտնել Պողոս աբբահայրը: Նա ասել է, թե հայր Ն.-ի տանը արկղերում եղած անձնական իրերի մեջ էր նաեւ վանքին հասցեագրած Ֆրանց Յոզեֆ կայսեր նամակը. մի բան փաստ է, որ արխիվում նրա պաշտոնավարման ժամանակ մի շարք իրեր են անհետացել, որոնց մեջ նաեւ 1 միլիոն եվրո գնահատված մի կտավ:
Այս պատմության վերաբերյալ հետաքրքրական կլինի իմանալ Մխիթարյան միաբանության ընդհանուր աբբահոր կարծիքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
«ԱԶԳ» Օրաթերթ, 9 Նոյեմբեր 2008